Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվը» մեծ էկրան բարձրացավ 2016-ի սեպտեմբերին: Շատ արագ գրավեց հանրության ուշադրությունը: Արժևորվեց մասնագետների կողմից` ստանալով մի շարք մրցանակներ («Տարվա լավագույն ֆիլմ», «Լավագույն խաղարկային ֆիլմ» և այլն): Չխուսափեց նաև քննադատություններից: Վերջապես ունենք ֆիլմ, որի մասին խոսում են բոլորը: Քննարկումների լայն ալիք սկսվեց հատկապես համացանցային ցուցադրությունից հետո: Դիտումների քանակը աննախադեպ է: Կարծիքները` իրարամերժ:
Տարակարծությունների առիթ է տալիս հատկապես ֆիլմի գլխավոր հերոսի մահը: Կա տեսակետ, որ շեշտադրվում է պարտությունը: Շատերն էլ համոզված են, որ այլ վերջաբանի դեպքում ֆիլմը համոզիչ չէր լինի: Կարծում եմ` ոչ թե պարտության, այլ անձնազոհության տեսարանով է ավարտվում ֆիլմը` ամբողջացնելով գլխավոր հերոսի` Տիգրանի կերպարը (Սամվել Թադևոսյան): Առկախ մնացած հարցերի պատասխանը տալիս է ֆիլմի երկրորդ մասը` մեծ էկրան բարձրացած «Կյանք ու կռիվ-2»-ը: Անցած 25 տարիները ներկայացվել են առանց խնայելու իրականությունը, բայց և նուրբ հումորով: Վերջաբանն այստեղ անսպասելի է և լուսավոր: Հերոսը, տվյալ դեպքում` հատուկ ջոկատի հրամանատարը (Բաբկեն Չոբանյան), չի զոհվում: Ռեժիսորը կեսկատակ կեսլուրջ խոստովանում է` երկրորդ հերոսի մահը հանդիսատեսն արդեն ինձ չէր ների: Ֆիլմի պրոդյուսեր Կարեն Ղազարյանը հավելում է, որ մեր բանակի հավաքական կերպարը ներկայացնող հերոսը չէր կարող մահանալ: Նրա խոսքով` ֆիլմը նկարահանվել է Հայոց բանակի 25-ամյակի օրերին, կմեռնեն նրանք, ովքեր դեմ դուրս կգան մեր բանակին:
Որքա՞ն է համահունչ մեր իրականությանը այն, որ, ինչպես ֆիլմում է պատկերված, օլիգարխի միակ որդին ծառայում է ռազմադաշտի ամենավտանգավոր կետում: Մհեր Մկրտչյանն իրեն ուղղված լրագրողի այդ հարցին հարցով է պատասխանում` իսկ Դուք կուզենայի՞ք, որ գոնե մի այդպիսի օլիգարխ լիներ: Իբր և ռեժիսոր` շատ կուզեր, որ ֆիլմը դիտելուց հետո ինչ-որ մարդկանց մեջ ինչ-որ բաներ փոխվեր, մյուս կողմից նկատում է, որ ֆիլմը, հանդիսատեսին հանձնելուց հետո, սկսում է ապրել իր կյանքով, երբեք չես իմանա` կունենա՞ հաջողություն, թե՞ ոչ:
Ֆիլմում տեղ են գտել դրվագներ նաև ապրիլյան պատերազմից, սակայն Կարեն Ղազարյանն ընդգծում է, որ «Կյանք ու կռիվ-2-ը» ապրիլյան պատերազմի մասին չէ, այլ մեր հերոսների, մեր օրերի: Նրա խոսքով` ապրիլյան պատերազմը մի դրվագ է, որ տեղի է ունեցել մեր կյանքում, ու այդպիսի կտորներ, Աստված մի արասցե, կարող են էլի լինել: Ֆիլմը նկարահանվել է հայ հանդիսատեսի համար, սակայն ռեժիսորը չի բացառում, որ այն կարող է մասնակցել փառատոների ու մրցել նույն ժանրի ֆիլմերի հետ:
Ֆիլմի ռազմական տեսարաններն իրենց խորությամբ ու նրբություններով պատկերելու համար մեծապես օգնել են խորհրդատուները:
Երբ Մհեր Մկրտչյանի ֆիլմը հայտնվեց կինոշուկայում, խոսակցություններ կային, որ բազմասերիանոց է լինելու: Ֆիլմի երկրորդ մասը շատ սպասել չտվեց: «Այն շարունակություն կունենա՞, թե՞ ոչ» հարցը դեռևս որոշակի պատասխան չի ստանում: Փոխարենը հայտնի է, որ «Կյանք ու կռիվ» ֆիլմի սցենարի հիման վրա մայիսին «Զանգակը» լույս է ընծայելու համանուն վեպը, որի հեղինակը Գուրգեն Խանջյանն է: Թե սիրված ֆիլմը ինչ արձագանք կգտնի գրքի տեսքով, պարզ կլինի մոտ ապագայում:
«Կյանք ու կռիվ-2. 25 տարի անց» ֆիլմի դերասանական կազմը փոխված է: Դերերը կատարում են Բաբկեն Չոբանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Նարինե Գրիգորյանը, Անի Ղազարյանը, Արծրուն Չոբանյանը, Դիանա Մալենկոն, Դմիտրի Մարյանովը, Գագիկ Մադոյանը, Արմեն Մարգարյանը, Վարուժան Մարգարյանը: Բեմադրող օպերատորը` Վահագն Տեր-Հակոբյանն է, կոմպոզիտորներ՝ Արմեն Մարտիրոսյան, Անդրանիկ Բերբերյան: Սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորն է Մհեր Մկրտչյանը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ. Գ.- Ֆիլմի հերոսներից մեկի` Բաբկեն Չոբանյանի հետ զրույցը` «Իրատեսի» առաջիկա համարներից մեկում: